Ինչ է գուգլում Հայաստանի բնակչությունը COVID-19 համաճարակի ժամանակ
Նայելով գուգլի ամենաթրենդային և ամենատարածված հարցումներին կարելի է պատկերացում կազմել հայաստանցիների հետաքրքրությունների և մտահոգությունների մասին։ Google Trends-ի տվյալների միջոցով փորձենք հասկանալ COVID-19 համաճարակի ժամանակ ինչ են հայաստանցիները փնտրում համացանցում։ Այս հոդվածում կներկայացնեմ և կքննարկեմ 2020-ի Հունիս ամսվա տվյալները։
Թրենդային հարցումներ
Նայելով թրենդային հարցումների վերոնշյալ գրաֆիկին կարելի է միանգամից մի քանի հետևություն անել։
- Հայաստանցիները անտարբեր չեն երեխաների պաշտպանության տոնի նկատմամբ, որը Հունիս ամսվա ամենաթրենդային հարցումն է։
- Ցավալիորեն, հայաստանցիները ազատ ժամանակը վատնում են սերիալների վրա, ինչպիսին են «Արևի հետնորդները» (հարավկորեական), «Խաբկանք» (հայկական) և «Թղթե տունը» (իսպանական)։
- Հայաստանցիներին հետաքրքրել է ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովի վթարի մասին տեղեկությունը։
- Ծնողները արդեն ակտիվորեն հայտեր են ներկայացնում իրենց երեխաների դպրոց ընդունելության համար, ինչի մասին վկայում է hayt.emis.am կայքի որոնումների թրենդայնությունը։
- Ինչպես և սպավում էր, հայաստանցիները շարունակում են խանդավառ կերպով հետևել ֆուտբոլային խաղերին, ինչը երևում է մի քանի ֆուտբոլային թեմայով թրենդային հարցումներով։
- Աճել է նաև dimord.am կայքի որոնումների քանակը, ինչը վկայում է այն մասին, որ երիտասարդները փնտրում են տեղեկություն բուհերի ընդունելության մասին։
- Շարունակում են աճել Հայաստանում COVID-19֊ի իրավիճակի մասին տեղեկությունների որոնումները (covid-19 armenia)։ Հայաստանցիներին նաև հետաքրքրել է դեքսամետազոն դեղամիջոցը, որը արդյունավետ միջոց է COVID-19-ով վարակված ծանր վիճակում գտնվող պացիենտների բուժման համար։
- Հայաստանցիները սրտատրոփ սպասում են այս տարվա վարդավառին, ինչի մասին վկայում է “vardavar 2020” թրենդային որոնումը։
- Հայաստանցիների մոտ շարունակում է աճել հետաքրքրությունը Հայաստանի լուրերի և եղանակի տեսության նկատմամբ։
- Biglemon կայքի որոնումների աճը վկայում է այն մասին, որ հայաստանցիները փնտրում են ակցիաներ և զեղչեր, ինչը հույս է տալիս, որ տնտեսությունը ամբողջությամբ կանգ չի առել։
Թոփ հարցումներ
Թոփ հարցումների ցանկում են ամենահաճախ որոնվող հարցումները։
- Առաջին տեղում է facebook սոցիալական ցանցը։ Հաճախ են որոնվում նաև այլ սոցիալական ցանցեր՝ odnoklassniki, instagram:
- Շատ են որոնվում list.am և youtube կայքերը։
- Մարդկանց հաճախ հարկավոր է լինում թարգմանություններ անել, ինչի մասին են վկայում հաճախ որոնվող “переводчик”, “translate” և “google translate” հարցումները։
- Ցավալիորեն, հայաստանցիները ակտիվորեն օգտվում են խաղադրույքային պլատֆորմներից, ինչպիսին են օրինակ` adjarabet, vivaro և toto։
- Հայաստանցիները հաճախ փնտրում են եղանակի տեսություն և նորություններ։
- Merojax կայքի բարձր որոնումների քանակը կարող է նշանակել, որ հայաստանցիները շատ են դիտում հայկական սերիալներ և լսում հայկական երաժշտություն։
- Հայաստանում սիրված են «Խաբկանք» (հայկական) և «Tapki» (հնդակական) սերիալները։
Ամփոփում
Վերոնշյալ դիտարկումներից ելնելով կարելի է եզրակացնել, որ հայաստանցիները COVID-19-ի համաճարակի պայմաններում զբաղվում և հետաքրքրվում են հետևյալով՝
- Նստած են սոցիալական ցանցերում
- Դիտում են սերիալներ
- Դիտում են ֆուտբոլ և խաղադրույքեր են կատարում
- Ծրագրում են դպրոց և համալսարան գնալ
- Հետաքրքրված են կորոնավիրուսի իրավիճակով Հայաստանում
- Անտարբեր չեն տոների նկատմամբ
- Հետաքրքրված են հայկական լուրերով